Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող նավթաբազաներին և նավահանգստային նավթային տերմինալին

11:10, 10.07.2026

Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող նավթաբազաներին և նավահանգստային նավթային տերմինալին։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ թիրախ են դարձել Ազով քաղաքում գտնվող նավթաբազաներն ու օպտիկամեխանիկական գործարանը, իսկ Տագանրոգում՝ նավահանգստային նավթային տերմինալը։

Ռուսական կողմը հաստատում է, որ գիշերը Ռոստովի մարզի վրա անօդաչու սարքերով հարձակում է իրականացվել։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի հայտարարությամբ՝ Ազովում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամթերքի պահպանման երկու օբյեկտներում։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան, իսկ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Սլյուսարի տեղեկություններով՝ օդային հարձակումը շարունակվել է նաև առավոտյան ժամերին։ Նա հայտարարել է, որ Տագանրոգում, Ազովում, ինչպես նաև Ազովի և Մատվեևո-Կուրգանի շրջաններում ոչնչացվել է ավելի քան 35 անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովայի խոսքով՝ հարձակումից հետո իրականացվում է բնակիչների տարհանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարածաշրջաններում և Ազովի ծովի վրա խոցել են ուկրաինական 376 անօդաչու սարք։

Նմանատիպ