Վլադիմիր Զելենսկի. Ռուստեմ Ումերովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններում

13:37, 22.07.2025

Թուրքիայում Ռուսաստանի կողմի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությանը կղեկավարի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նորանշանակ քարտուղար Ռուստեմ Ումերովը, – այս մասին տեղեկությունը տարածել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուստեմ Ումերովը, որը մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, մի քանի օր առաջ Զելենսկու կողմից նշանակվել է ԱԱՊԽ քարտուղար։

«Նրան հանձնարարել եմ ձևավորել բանակցային պատվիրակություն ռուսական կողմի հետ։ Պատվիրակությանը կղեկավարի Ռուստեմ Ումերովը, իսկ կազմը կընդգրկի Ուկրաինայի հետախուզության, Արտաքին գործերի նախարարության և նախագահի գրասենյակի ներկայացուցիչներին», – գրել է Զելենսկին իր «Telegram» ալիքում։

Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել ռազմագերիների ազատման, առևանգված երեխաների վերադարձի, սպանությունների դադարեցման և առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ պատերազմի իրական ավարտի համար։

«Մեր դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է։ Ուկրաինան չի ցանկացել պատերազմ, և այն պետք է ավարտի հենց Ռուսաստանը, որը սկսել է այն», – նշել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին։

Նմանատիպ