Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա, որտեղ կմասնակցի «Ռամշտայն» կոնտակտային խմբի հանդիպմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիայի «Ռամշտայն» ռազմաբազա։
«Ես ժամանել եմ «Ռամշտայնի» ավիաբազա՝ մասնակցելու Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպմանը»,- գրել է Վլադիմիր Զելենսկին «Telegram»-ում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան սպասում է դաշնակիցների «որոշմանը» և այն միջոցներին, որոնք կօգնեն Կիևին կասեցնել Ռուսաստանի «օդային ահաբեկչությունը»։
«Անհրաժեշտ է, որ հայտարարված օգնության փաթեթներից բոլոր զենքերը վերջապես հասնեն մարտական բրիգադներին»,- գրել է Զելենսկին։
Նա կրկնել է հեռահար զենքի առաքման իր խնդրանքը, որը, Ուկրաինայի նախագահի խոսքով, «կմոտեցնի արդար խաղաղությանը»։
Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի և Գերմանիայի պաշտպանության նախարարների հետ։
Գերմանիայից Զելենսկին կմեկնի Իտալիա, որտեղ կմասնակցի Միջազգային տնտեսական ֆորումին։