Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ ուկրաինական հացահատիկի վրա դրված էմբարգոն հանելու համար և ասել, որ եթե հարևան երկրները խախտեն ԵՄ օրենքը, Ուկրաինան «քաղաքակիրթ պատասխան» կտա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ ուկրաինական հացահատիկի վրա դրված էմբարգոն հանելու համար և նշել, որ եթե հարևան երկրներն իրենց որոշումներով խախտեն ԵՄ օրենքը, Ուկրաինան նրանց «քաղաքակիրթ պատասխան» կտա։ Այս մասին Զելենսկին գրում է «Telegram» ալիքում։
«Վերջերս ես խոսեցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Եվրահանձնաժողովի կողմից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ԵՄ շուկայում կիրառվող սահմանափակումները հանվել են։ Ես անկեղծորեն երախտապարտ եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին իր խոսքը պահելու և ազատ շուկայի կանոնները պահպանելու համար։ Սա Ուկրաինայի և ԵՄ-ի միջև իսկական միասնության և վստահության օրինակ է։ Եվրոպան միշտ հաղթում է, երբ պահպանվում են կանոնները և հետևում են պայմանավորվածություններին։ Այժմ կարևոր է, որ եվրոպական միասնությունը գործի նաև երկկողմանի մակարդակով։ Որ հարեւանները պատերազմի ժամանակ աջակցեն Ուկրաինային: Եվ եթե նրանց որոշումները խախտեն Եվրամիության օրենքը, Ուկրաինան դրան քաղաքակիրթ պատասխան կտա»,- գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ երեկ Եվրահանձնաժողովը չի երկարաձգել ուկրաինական գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանված սահմանափակումը, որը գործում էր մայիսի սկզբից։