Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարելու համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում։
«Այսօր ես հատկապես երախտապարտ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և անձամբ Բայդենին, Ուկրաինային այսօր հայտարարված աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է շատ հզոր «NASAMS» համակարգեր՝ զենիթահրթիռային համակարգ, և այն զգալիորեն կամրապնդի մեր հակաօդային պաշտպանությունը։ Մենք քրտնաջան աշխատել ենք այս առաքման համար»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան իր գործընկերների հետ բանակցություններ է վարում նաև այլ նոր զինատեսակների շուրջ և անում է ամեն ինչ՝ խախտելու օկուպանտների առավելությունը։
Բացի այդ, ըստ նրա, Օդեսայի մարզում 9-հարկանի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում մեկ ընտանիքից չորս մարդ է զոհվել։ Զելենսկու խոսքով՝ այս տանը մոտ 160 խաղաղ բնակիչ է ապրել, և այնտեղ ոչ ոք զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք չի թաքցրել։
«Ես շեշտում եմ, որ դա կանխամտածված ռուսական ահաբեկչություն է, այլ ոչ թե ինչ-որ սխալ կամ պատահական հրթիռային հարված»,- ասել է Զելենսկին։