Վլադիմիր Զելենսկին Կովկասում, Սիբիրում և Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում բնակվող ազգերին կոչ է արել պայքարել հանուն ազատության
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Կովկասում, Սիբիրում և Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում բնակվող ազգերին պայքարել հանուն ազատության, քանի որ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի մոբիլիզացիայի առաջին ալիքի վրա։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր ամենօրյա տեսաուղերձում։
«Կովկասի ժողովուրդ, բոլոր ազգերը, որոնք ապրում են Ռուսաստանի տարածքում, դուք պատճառ չունեք լինելու այն շատերի թվում, ովքեր դեռ ծառայում են նրան, միակը, ով ցանկանում է այս պատերազմը: Ուկրաինայում չպետք է զոհվեք: Ձեր որդիները չպետք է մահանան Ուկրաինայում: Դուք նման պարտավորություն չունեք ո՛չ ձեր հայրերի, ո՛չ ձեր երեխաների, ո՛չ ձեր ապագայի, ո՛չ ձեր երկրի ապագայի հանդեպ, և դուք դա գիտեք։ Մենք տեսնում ենք, որ դուք դիմադրում եք հանցավոր մոբիլիզացիային, որով Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են կոծկել իրենց ձախողումները, իրենց բանակի ձախողումները, հանցավոր հրամանները»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան չի հանձնվի եւ կշարունակի պայքարել, քանի որ պայքարում է սեփական հողի ու արդարության համար։ Նա նշել է, որ Ռուսաստանը մնացել է միայնակ և մեկուսացված քաղաքակիրթ աշխարհից։ Բացի այդ, Զելենսկին հիշել է Իմամ Շամիլի խոսքերը։
«Յուրաքանչյուր ոք, ով զենք է բարձրացնում ճշմարտության դեմ, այն բարձրացնում է իր կործանման համար: Կարծես թե Կրեմլը չգիտի Իմամ Շամիլի այս խոսքերը։ Բայց այս խոսքերը պետք է իմանան Կովկասում։ Պետք է լսեն Սիբիրում և բոլոր այլ վայրերում, որտեղից մարդկանց ուղարկում են այս պատերազմ: Պայքարեք, որ չզոհվեք։ Պաշտպանեք ձեր ազատությունը փողոցներում և հրապարակներում, որպեսզի հետագայում ստիպված չլինեք պայքարել լեռներում և անտառներում միայն ձեր կյանքի իրավունքը պաշտպանելու համար: Նա, ով սկսեց այս պատերազմը, կանգ չի առնի մոբիլիզացիայի առաջին ալիքի վրա, Էլի կլինի։ Նա թքած ունի մարդկանց վրա։ Նա չի հարգում ոչ ողջերին, ոչ մահացածներին»,- ասել է Զելենսկին։