Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցից Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է թույլ տալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին այցելել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «France Presse» գործակալությունը՝ հենվելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի վրա։
Ըստ տեղեկությունների՝ Կազանում «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկացել է այցելել Ուկրաինա, սակայն նախագահ Զելենսկին մերժել է նրա այցը։ Այս տեղեկությունը «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությանը հաստատել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Անտոնիո Գուտերեշի ժամանումը Ռուսաստանում «BRICS»-ի գագաթնաժողովին քննադատել է Կիևը։
«Կարևոր է, որ աշխարհը չմոռանա ՄԱԿ-ի ստեղծման նպատակը, թեև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են գերադասել Կազանի գայթակղությունները ՄԱԿ-ի կանոնադրության բովանդակությունից», – ասել է Վլադիմիր Զելենսկին։
«BRICS»-ի գագաթնաժողովում իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ուկրաինայում արդար խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին ու Գլխավոր ասամբլեայի բանաձևերին համապատասխան։
Ըստ ՄԱԿ-ի՝ Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է։