Վլադիմիր Զելենսկին հիմնադրել է նոր տարածաշրջանային միավորում՝ «Կարպատյան ութնյակը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնարկել է նոր տարածաշրջանային բլոկ՝ «Կարպատյան ութնյակը», որը միավորում է Կարպատյան տարածաշրջանի ութ երկրների՝ առևտրի և անվտանգության հարցերում համատեղ աշխատելու համար։
Հանդիպման ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի դաշնակիցներին պատերազմից հետո 2022 թվականին առևտրային և տրանսպորտային միջանցքները բաց պահելու համար։
«Սա մի շարժման սկիզբն է, որը պետք է մեր երկրներն էլ ավելի մոտեցնի և ստեղծի համագործակցության ևս մեկ հզոր ձևաչափ ԵՄ մակարդակով՝ անվտանգության, էներգետիկայի և լոգիստիկայի զգալիորեն ամրապնդման առումով», – ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ անվտանգությունը գլխավոր մարտահրավերն է այսօր և առաջիկա տարիներին։
Ինչպես նշում է Reuters-ը, նոր ձևաչափը միավորում է Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան, Հունգարիան և Եվրամիությունը։
Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ռումինիայի նախագահ Նիկոս Դանիելը։
Դոնալդ Տուսկը կենտրոնացել է հակահրթիռային պաշտպանության նախաձեռնության վրա, որին միանում է Լեհաստանը։
«Մենք մտերիմ ընկերներ, դաշնակիցներ և գործընկերներ ենք։ Մենք ունենք ընդհանուր սպառնալիք՝ ագրեսիվ Ռուսաստանը։ Ոչ ոք չի կարող փոխել իմ կարծիքը։ Լեհաստանը պետք է աջակցի Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պատերազմում, և մենք կշարունակենք աջակցել նրան, դրանում կասկած չկա։ Պատմությունը չի կարող մեզ բաժանել այսօրվա Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցում», – ասաց Տուսկը։
Գագաթնաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը, կներառի նաև բիզնես ֆորում։ Զելենսկու խոսքով՝ միջոցառմանը կմասնակցի մինչև 550 բիզնեսի ներկայացուցիչ, իսկ պատրաստված ներդրումային և առևտրային համաձայնագրերի արժեքը հասնում է 1 միլիարդ եվրոյի։