Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հանձնման հարցը պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հանձնման հարցը պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ տարածքների զիջման հարցը պետք է որոշի ուկրաինական ժողովուրդը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես գտնում եմ, որ այս հարցին պետք է պատասխանի ուկրաինական ժողովուրդը։ Թե դա կլինի ընտրությունների, թե հանրաքվեի միջոցով՝ ուկրաինացիներն են, որ պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը», – նշել է Զելենսկին։

Զելենսկին նաև հաստատել է, որ ԱՄՆ-ին ուղարկվել է խաղաղության պլանի նոր տարբերակը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պնդում է, որ կարգավորման շրջանակում Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև ստեղծվի ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի»։

«Նրանք սա այսպես են պատկերացնում՝ ուկրաինական զորքերը լքում են Դոնեցկի մարզի տարածքը։ Հնարավոր կոմպրոմիսը կայանում է նրանում, որ ռուսական բանակը նույնպես այդ տարածք չի մտնում։ Իսկ թե ով պետք է կառավարի այս տարածքը, որին նրանք անվանում են «ազատ տնտեսական գոտի» կամ «ապառազմականացված գոտի», նրանք չգիտեն», – ասել է Զելենսկին լրագրողներին։

Ըստ այս պլանի՝ Ռուսաստանը պարտավոր չէ դուրս բերել իր զորքերը Դոնեցկի մարզից, կամ Խերսոնից, կամ Զապորոժիեից, Դնեպրոպետրովսկից կամ Սումիի մարզից։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դոնեցկի մարզի ապագա կարգավիճակի և Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության թեմաներն են կազմում Վաշինգտոնի հետ բանակցությունների երկու հիմնական վեճի կետերը։

«Սրանք այն երկու թեմաներն են, որոնց քննարկումը մենք շարունակում ենք», – նշել է Զելենսկին։