Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն խաղաղության ծրագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Կողմերը քննարկում են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։ Այս մասին սոցցանցի միջոցով տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահը։
«Առաջին խնդիրը խաղաղության բանաձեւն է։ Անցյալ տարի մենք Ջիդայում անցկացրեցինք խորհրդականների արդյունավետ հանդիպում՝ քննարկելու դրա իրականացումը: Այժմ մենք մոտենում ենք խաղաղության առաջին գագաթնաժողովին և ապավինում ենք Սաուդյան Արաբիայի շարունակական ակտիվ աջակցությանը»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Ինչպես նշում է Վլադիմիր Զելենսկին, քննարկման թեման կլինի բանտարկյալների և ապօրինի արտաքսված անձանց հայրենիք վերադարձը։
«Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն արդեն իր ներդրումն է ունեցել մեր ժողովրդի ազատագրման գործում։ Վստահ եմ, որ այս հանդիպումը նույնպես արդյունք կտա»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, ինչպես գրում է Զելենսկին, առաջնորդները կքննարկեն տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտները և Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը։