Վլադիմիր Զելենսկին և Ռիշի Սունակը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին
Վլադիմիր Զելենսկին և Ռիշի Սունակը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ համաձայնագիրը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Եթե Մեծ Բրիտանիայի հետ նման երաշխիքներ ձեռք բերվեին 1991 թվականին, պատերազմը չէր սկսվի»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Այս համաձայնագիրը վերաբերում է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի և «Մեծ յոթնյակի» միջև համաձայնեցված անվտանգության երաշխիքների շրջանակային փաստաթղթում ամրագրված պարտավորությունների կատարմանը։

Բացի այդ, Ռիշի Սունակը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի 2,5 միլիարդ ֆունտի չափով, ինչը ավելին է, քան նախորդ տարվա օգնությունը։

«Սա ցույց է տալիս այստեղ իրավիճակի լրջությունը և Ուկրաինայի կողքին լինելու մեր հաստատակամ պատրաստակամությունը։ Ուզում եմ ուկրաինացի ժողովրդին աջակցության ուժեղ ազդանշան ուղարկել, ինչպես նաև ուղերձ, որ Վլադիմիր Պուտինը պետք է իմանա, որ մենք ոչ մի տեղ չենք գնում։ Ես այստեղ եմ մեկ հստակ ուղերձով՝ Միացյալ Թագավորությունը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։