Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ուժեղ արձագանք տալ այն դեպքում, եթե բանակցությունները արդյունք չտան, և նշել է, որ ԱՄՆ-ը պետք է մնա «հնարավորինս համակարգված»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Ուկրաինայի առաջնահերթությունը անհապաղ և անպայման հրադադարի հասնելն է։ Զելենսկու խոսքով, եթե ռուսական պատվիրակությունը դրան չի համաձայնվում, ապա «պարզ կլինի, որ Պուտինը չի ցանկանում պատերազմն ավարտել»։
Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունը արել է Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակում։
Զելենսկին նաև կոչ է արել աշխարհի առաջնորդներին ուժեղ արձագանք տալ այն դեպքում, եթե բանակցությունները արդյունք չտան, և ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է մնա «հնարավորինս համակարգված»։
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը լիարժեք, առանց պայման և ազնիվ հրադադարն է։ Սա պետք է տեղի ունենա անհապաղ՝ սպանությունները դադարեցնելու և առաջին հերթին դիվանագիտության համար ամուր հիմք ստեղծելու նպատակով։ Եթե այսօր Ստամբուլում ռուսական պատվիրակությունը նույնիսկ այս հարցում՝ հրադադարի, այս բացարձակապես անհրաժեշտ առաջին քայլում չհամաձայնվի, ապա 100%-ով պարզ կլինի, որ Պուտինը շարունակում է քանդել դիվանագիտության հիմքերը։ Եթե դա չլինի, այսօր արդեն պետք է լինի որոշակի արդյունք՝ սկսած հրադադարից։ Կոչ եմ անում Պուտինին՝ լիազորություն տալ իր պատվիրակությանը։ Մենք պետք է ամբողջությամբ դադարեցնենք սպանությունները այնքան ժամանակ, որքան պահանջվում է, որպեսզի դիվանագիտությանը իրական հնարավորություն տրվի։ ԱՄՆ-ը և նախագահ Թրամփը փորձում են ավարտել այս պատերազմը։ Մենք պետք է շարունակենք սերտ համագործակցությունը և լինենք առավելագույնս համակարգված։ Կարևոր է, որ բոլորս միասին գործենք բոլոր մակարդակներում՝ այս ամենը իրագործելու համար», – հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։