Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա։
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահի հրամանով, բացի Ռուսաստանի առաջնորդից, սահմանափակումները վերաբերում են ևս 34 անձի, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Ուկրաինայի նախագահի հրամանագրում նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են անորոշ ժամկետով։
Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ սահմանվել են հետևյալ սահմանափակումները. ակտիվների և գույքի արգելափակում, Ուկրաինայից կապիտալի արտահոսքի կանխարգելում, Ուկրաինայի սահմանի ցանկացած հատման, Ուկրաինայի տարածքային ջրեր և օդային տարածք մուտքի արգելում, արժեթղթերով գործարքների արգելում, վիզայի մերժում, Ուկրաինայի պետական պարգևներից զրկում, Ուկրաինայում գույքի սեփականաշնորհման և վարձով տալու արգելք, էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դադարեցում, տեխնոլոգիաների փոխանցման արգելք,; հողի սեփականության իրավունքի արգելք և այլն: