Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան հակագրոհը շարունակելու ծրագիր ունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան հակագրոհը շարունակելու ծրագիր ունի։
Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան 2024 թվականի համար մշակել է կոնկրետ հակահարձակողական նպատակներ, սակայն 2023 թվականին կփորձի հաջողությունների հասնել ճակատում։
«Մենք նպատակ ունենք, թե ուր ենք գնալու և որ ուղղությամբ ենք հակագրոհելու, բայց ամեն օր կորցնում ենք մարդկանց: Սա շոու կամ ֆիլմ չէ։ Մենք չենք ցանկանում զարմացնել բոլորին, բայց պետք է փորձել ոչ մի օր չկորցնել»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի հարավում և արևելքում առաջընթացը դանդաղ տեմպերով է ընթանում, թեև նա վստահ է հաջողության մեջ։ Ուկրաինայի նախագահը հիշատակել է նաև «տհաճ անակնկալները», այդ թվում՝ արտերկրի խորհրդարանների ճգնաժամերը և օտարերկրյա գործընկերների կողմից որոշումների ընդունման ձգձգումները։
«Մեր զինվորականները եկան հարավ և տեսան ականապատ դաշտեր, քանի որ մենք յոթ ամիս զինամթերքի էինք սպասում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կրկին բացառել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու հնարավորությունը և հայտարարել, որ պատերազմի ավարտը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինայի տարածքները դառնան փոխզիջում հակամարտության կարգավորման համար, ապա դա կարող է նախադեպ դառնալ այլ տարածաշրջանների և մայրցամաքների համար։