Վլադիմիր Զելենսկի. Եվրահանձնաժողովի եզրակացությունը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ պատրաստ կլինի մի քանի ամսից
Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ պատրաստ կլինի մի քանի ամսից։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Եվրահանձնաժողովի զեկույցը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ կպատրաստվի մի քանի ամսից։ Հանձնարարություններ են տրվել Ուկրաինայի կառավարությանն ու Եվրահանձնաժողովին։ Մենք միասին շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը»,- գրել է Զելենսկին։
Սակայն տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կվերականգնի ամեն ինչ և կդառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Նրա խոսքով՝ անարդար ու ագրեսիվ պատերազմը ագրեսորի վրա միշտ թանկ է նստում: Նա նշել է, որ ինչ էլ պատահի Ռուսաստանին, այն չի մխիթարի ուկրաինացիներին, չի վերակենդանացնի մահացածներին, չի վերակառուցի քաղաքները և չի բուժի հոգու վերքը, որը հավերժ կմնա Ուկրաինայի ժողովրդի մոտ։
«Մենք ամեն ինչ կվերակառուցենք, ես դրանում կասկած չունեմ։ Մենք կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ: Մեր պետության յուրաքանչյուր ներկայացուցիչ աշխատում է դրա համար 24/7, բայց կյանքը այլ կերպ կլինի՝ առանց հազարավոր սրտերի, որոնց ձայնը դադարեցրել է այս պատերազմը», – ասել է Վլադիմիր Զելենսկին: