Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերականգնման և պատերազմի ավարտի հիմնական շրջանակի վերաբերյալ պատրաստվել են մի քանի նախագծեր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լսել է ԱՄՆ-ում անցկացված հանդիպումների վերաբերյալ ուկրաինական պատվիրակության զեկույցը։
Նրա խոսքով՝ բանակցությունների յուրաքանչյուր փուլ ուղղված է Ուկրաինայի շահերի պաշտպանությանը։
Զելենսկու պարզաբանմամբ՝ պատրաստվել են փաստաթղթերի նախագծեր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերականգնման և պատերազմի ավարտի հիմնական շրջանակի վերաբերյալ։
«Ռուստեմ Ումերովն ու Անդրեյ Գնատովը ամերիկյան թիմի հետ հանդիպումներից հետո ներկայացրին մանրամասն զեկույց։ Նրանք արդյունավետ աշխատեցին նաև նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, և այս պահին պատրաստվել են մի քանի փաստաթղթի նախագծեր։ Մասնավորապես, դրանք վերաբերում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, վերականգնմանը և պատերազմի ավարտի հիմնական շրջանակին։ Այսօրվա հարցերն այնպես են ձևակերպված, որ համապատասխանեն պատերազմի իրական ավարտի նպատակին և Ռուսաստանի երրորդ ներխուժումը կանխելու անհրաժեշտությանը։ Բանակցությունների և հանդիպումների յուրաքանչյուր փուլ նպաստում է Ուկրաինայի շահերի պաշտպանությանը, և մենք շարունակելու ենք այս աշխատանքը նույն կառուցողական կերպով։ Շնորհակալ եմ նաև եվրոպացի գործընկերների աջակցության և համակարգման համար։ Անհամբերությամբ սպասում ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությանը։ Անհրաժեշտ է, որպեսզի դիվանագիտությանը մշտապես ուղեկցի Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշումը և Ուկրաինայի համար կենսական աջակցությունը։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարված Ուկրաինայի դեմ և առաջնագծում Ռուսաստանի ինտենսիվ հարձակումները հաստատում են, որ Ուկրաինայի հավատարմությունը պատերազմի ավարտին շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանի, և սա պետք է լուծվի ագրեսորի վրա գլոբալ ճնշման ուժեղացմամբ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են Ուկրաինային», – գրել է Վլադիմիր Զելենսկին։