Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան կորոշի, թե ինչպես արձագանքել Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը
Ուկրաինան է որոշում, թե ինչպես արձագանքել Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ըստ Զելենսկու՝ ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ ռազմական գործողությունները և լայնածավալ հարձակումները ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Դնեպրի, Զապորոժյեի և Կրամատորսկի վրա։
Զելենսկին նշել է, որ միայն այսօրվա ընթացքում ռուսական ուժերը գրեթե 30 հարձակողական գործողություն են իրականացրել։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ժամը 10:00-ի դրությամբ Ռուսաստանը հրադադարի ռեժիմը խախտել է առնվազն 1820 անգամ։
«Ռմբակոծություններ, հարձակման փորձեր, ավիահարվածներ և անօդաչու թռչող սարքեր՝ ժամը 10:00-ի դրությամբ Ռուսաստանը հրադադարի ռեժիմը խախտել է առնվազն 1820 անգամ։ Ուկրաինան հստակ հայտարարել է, որ Մոսկվայում նախատեսված շքերթի ժամանակ հայելային ձևով կարձագանքի Ռուսաստանի պահանջին՝ ժամանակավոր հրադադարի մասին։ Ցանկացած նորմալ մարդու համար ակնհայտ է, որ լայնածավալ պատերազմը և մարդկանց ամենօրյա սպանությունները վատ ժամանակ են հանրային «տոնակատարությունների» համար», – գրել է Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի դիվանագիտական առաջարկները դեռևս ուժի մեջ են, և իրական խաղաղության համար անհրաժեշտ է միայն Ռուսաստանի պատրաստակամությունը։
«Այսօրվա դրությամբ մենք հայտարարում ենք, որ ռուսական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Մեր ռազմական և հետախուզական զեկույցների հիման վրա մենք կորոշենք մեր հետագա գործողությունները», – գրել է Զելենսկին։