Վլադիմիր Զելենսկի. Տեսեք, թե ինչպիսի տեսք ունի Միխեիլ Սաակաշվիլին, կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունը սպանում է նրան
Վլադիմիր Զելենսկի. Տեսեք, թե ինչպիսի տեսք ունի Միխեիլ Սաակաշվիլին, կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունը սպանում է նրան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ վրացական իշխանությունները մտադիր են սպանել Վրաստանի նախկին նախագահ և ներկայիս Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, հանդիպումից առաջ Զելենսկիին լուսանկարներ են տվել, որոնք ցույց են տալիս Միխեիլ Սաակաշվիլիի ներկայիս վիճակը։

«Ժամանակին նա եղել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Լուսանկարներն ինձ է տվել Դավիթ Արախամիան։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ինչ տեսք ունի: Կարծում եմ, որ այսօր Վրաստանի իշխանությունը սպանում է նրան։ Դուք գիտեք, որ թունավորել են ու հիմա կամաց-կամաց սպանում են։ Վրաստանը, նրա ղեկավարությունը, ո՞ւմ համար են նրանք այսօր։ Նրանք չեզո՞ք են, թե՞ Ռուսաստանի համար են։ Որովհետև Ռուսաստանն իր քաղաքական գործիչների հետ վարվում է այնպես, ինչպես այսօր Վրաստանի ղեկավարությունը վարվում է ոչ թե իր քաղաքական գործիչների, այլ Ուկրաինայի քաղաքացիների հետ։ Եվ դարձյալ չեզոք են, թե՞ Ռուսաստանի համար։ Թե ​​նրանք պարզապես դեմ են Ուկրաինային և այլն։ Ես ուզում եմ, որ մամուլը տեսնի, թե ինչ է կատարվում՝ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ հրապարակային խոշտանգումները: Ես չեմ քննարկի այն հարցը, թե ինչու է ձերբակալվել Վրաստանի նախկին նախագահը, ինչ հետևանքներ կունենա դա վրացական քաղաքականության և ժողովրդավարության վրա։ Սա նրանց ներքին հարցն է։ Խոսքս Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին է, ով ամեն օր հրապարակային խոշտանգումների է ենթարկվում։ Կարծում եմ՝ նրանց նպատակը նրան սպանելն է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։