Վլադիմիր Զելենսկի. Մենք շնորհակալ ենք ՀՕՊ վերջին փաթեթի համար, Ուկրաինան գնահատում է եվրոպական օգնությունը
«Մենք շնորհակալ ենք ՀՕՊ վերջին փաթեթի համար, չեմ կարող բոլոր մանրամասները կիսվել, բայց փաթեթի կեսն արդեն այստեղ է», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում «Կամավորների կոալիցիայի» նիստում ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան գնահատում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը, և անհրաժեշտ է, որ եվրոպական երկրները նույնպես ներգրավվեն բանակցային գործընթացում։
Իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենտրոնացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի կիրառման վրա։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա։
«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ուստի մենք ստիպված կլինենք քրտնաջան աշխատել պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա։ Մենք պետք է նաև շարունակենք մեր ջանքերը Միացյալ Նահանգների հետ, թե ինչ են նրանք անում և ինչ ենք մենք անում», – ասել է Մակրոնը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես խոսել է պատժամիջոցների մասին «Կամավորների կոալիցիայի» նիստում։ Կանցլերի խոսքով՝ պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը այլևս չունենա դրա համար անհրաժեշտ ռեսուրսները։
«Մենք պետք է շատ հստակ տեսնենք, որ այս պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Պուտինը հասկանա, որ չի կարող հաղթել։ Ահա թե ինչու մենք պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը։ Մենք պետք է նվազեցնենք Մոսկվայի պատերազմը ֆինանսավորելու կարողությունը։ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը հենց այս նպատակին է ուղղված», – ասաց Մերցը։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից և պատերազմի սկսվելուց անցել է 4 տարի։ Այսօր եվրոպական երկրների առաջնորդները ժամանեցին Կիև և կրկին իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինային։