Վլադիմիր Զելենսկի. կարևոր է, որ աշխարհը արձագանքի ահաբեկչության հերթական դրսևորմանը, այսօր շատ առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացիներին, ես շնորհակալ եմ բոլորին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանը։
«Կարևոր է, որ աշխարհն արձագանքի ահաբեկչության այս նոր դրսևորմանը։ Այսօր շատ առաջնորդներ արդեն աջակցություն են հայտնել Ուկրաինային ու ուկրաինացիներին։ Ես շնորհակալ եմ բոլորին։ Հատկապես նրանց, ովքեր հակաօդային պաշտպանության հարցում օգնեցին մեր պետությանը։ Մեր հակաօդային պաշտպանության կործանիչներն այսօր շատ բան են արել՝ հաշվի առնելով, որ ռուս ահաբեկիչները հատուկ փորձել են շրջանցել մեր պաշտպանությունը»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ իրենք շարունակելու են ամրապնդել հակաօդային պաշտպանությունը։
Նշենք, որ զարգացումների ֆոնին Ուկրաինան խնդրել է անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ուկրաինական քաղաքների վրա լայնամասշտաբ հրթիռակոծությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։