Վլադիմիր Զելենսկի. Կան ազդակներ, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո որոշ երկրներ կցանկանան, որ մենք միայնակ մնանք ռուսների հետ, բայց Եվրոպան Ուկրաինայի կողքին կլինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում խոսել է այն ազդակների մասին, որոնք մատնանշում են, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խաղաղության» բանակցություններից։
Զելենսկին նշել է, թե որքան բարդ է Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ համաձայնության հասնելը։
«Պատկերացրեք՝ բոլորը հասկանում են տարածքների, պատժամիջոցների հարցերը – որքան դժվար կլինի սա։ Այդ պատճառով, կան ազդակներ, որ, ամենայն հավանականությամբ, երբ նրանք պայմանավորվեն հրադադարի շուրջ, որոշ երկրներ կցանկանան, որ մենք միայնակ մնանք ռուսների հետ», – հավելել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպան կանգնած կլինի Ուկրաինայի կողքին, «քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կապված են նրանց հետ»։
Հիշեցնենք, շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդի դերից», եթե խաղաղության ուղղությամբ առաջընթաց չգրանցվի։