Վլադիմիր Զելենսկի. Ձմռանը ռուսները կփորձեն ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը միշտ փորձում է չարիք գործել
Այս ձմռանը ռուսները կփորձեն ոչնչացնել ուկրաինական էներգետիկ համակարգը, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը միշտ փորձում է չարիք գործել և կրկնել այն, ինչ արել է նախկինում,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես նշել է Վլադիմիր Զելենսկին, այսօրվա հանդիպմանը, որին մասնակցել են կառավարության և էներգետիկայի ներկայացուցիչներ, քննարկվել են ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության, վերականգնման և արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումները։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ամեն ինչ անում է հակաօդային պաշտպանության համակարգերն ուժեղացնելու համար և համագործակցում է գործընկերների հետ՝ էներգետիկ կայունության համար։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ այս շաբաթ Գերմանիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ «Patriot» համակարգ Ուկրաինային փոխանցելու մասին, ինչպես նաև Իսպանիայի հետ՝ լրացուցիչ «Hawk» համակարգեր և էներգատեխնիկա տրամադրելու, իսկ Իտալիայի հետ՝ անվտանգության նոր փաթեթի ավելացման վերաբերյալ։
«Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը միշտ անում է այն, ինչ արել է նախկինում։ Բոլորը կրկնում են սխալները։ Կրկնում են չարիքը ու երբ ոչինչ դուրս չի գալիս, հետո մտածում են, որ բավականաչափ չարություն չեն արել, էլ ի՞նչ անեն։ Այս ձմռանը ռուս ահաբեկիչները կրկին կփորձեն ոչնչացնել մեր էներգետիկ համակարգը: Նրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ չեն կարող նվաճել Ուկրաինան։ Սակայն նրանք կփորձեն ավելի շատ հարվածներ հասցնել և շրջանցել մեր պաշտպանությունը»,- ասել է Զելենսկին։