Վլադիմիր Զելենսկի. անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, մենք պետք է պաշտպանենք ենթակառուցվածքները և մեր ժողովրդի կյանքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է մինչև ձմեռ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը Դաշինքի գլխավոր քարտուղարի հետ զրուցել է պաշտպանության առանցքային հարցերի շուրջ, քննարկել մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինացի զինվորականների հնարավորությունները։
Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է ճնշում գործադրել ագրեսորի վրա, որպեսզի Ռուսաստանը նահանջի։
«Անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա սպասվող հարձակումների հետ կապված իրավիճակը»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրել է ավելացնել գործընկեր երկրների կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։
«Մենք պետք է միասին անցնենք այս ձմեռը, պաշտպանենք ենթակառուցվածքները և մեր ժողովրդի կյանքը»,- ասել է Զելենսկին։