Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում դրական տեղաշարժեր կան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրական տեղաշարժեր կան Ուկրաինայի հետ բանակցություններում։ Այս մասին նա ասել է Մոսկվայում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երկկողմ հանդիպման սկզբում։
«Ես, անկասկած, ձեզ տեղեկատվություն կտրամադրեմ նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Նախ այն մասին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք գործնականում կատարվում են ամենօրյա ռեժիմով։ Կան որոշ դրական տեղաշարժեր, ինչպես տեղեկացրեցին մեր կողմից բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել են նաև իրենց նկատմամբ միջազգային պատժամիջոցների մասին։
«Իհարկե, կան ընթացիկ իրադարձությունների, սահմանափակումների, պատժամիջոցների հետ կապված խնդիրներ, բայց մեր զարգացումը սահմանափակելու, զսպելու փորձեր միշտ եղել են և արվում են։ Հիմա, ավելի մեծ մասշտաբով, իհարկե, սա ակնհայտ է։ Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս դժվարությունները։ Ընդհակառակը, մենք ձեռք կբերենք ավելի շատ կոմպետենտություն, ավելի շատ հնարավորություններ՝ անկախ զգալու համար։ Վերջին հաշվով, դա նույնքան օգտակար կլինի, որքան նախորդ տարիներին»,- ասել է Պուտինը։