Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է բացել «Բայրաքթարի» արտադրություն Ռուսաստանում, իսկ թուրքական ընկերությունը հայտարարել է, որ Պուտինին անօդաչու թռչող սարքեր չեն վաճառի
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է բացել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ռուսաստանում։
«CNN Turkey»-ի տեղեկություններով՝ այս մասին կուսակցական հանդիպմանը գործընկերներին ասել է Թուրքիայի նախագահը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՌԴ նախագահն ասել է, որ նման գործարան արդեն կա Արաբական Միացյալ Էմիրություններում, և այժմ «Բայրաքթարը» կարող է բացել ևս մեկ գործարան՝ արդեն Ռուսաստանի Դաշնությունում։
«Բայրաքթարը» Արաբական Միացյալ Էմիրություններում արտադրական գծի ստեղծման գործընթացում է։ Միաժամանակ ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ Պուտինին չի վաճառի իր անօդաչու սարքերը։
«Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ կան ռազմավարական հարաբերություններ, հատկապես ավիացիայի եւ տիեզերական ոլորտում»,- ասել է Հալուք Բայրաքթարը։