Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինվորներին կոչ է արել հանձնվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կյանքի և արժանապատիվ վերաբերմունքի երաշխիք է տալիս Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինվորներին, եթե նրանք վայր դնեն զենքերը և հանձնվեն: Այս մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ընթացքում:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սա նրա արձագանքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ խնայել ուկրաինացի զինվորներին, ինչին նա «ըմբռնումով» է մոտեցել:
Պուտինի հայտարարությամբ՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է հրահանգ տան Կուրսկի շրջանում գտնվող զինվորներին հանձնվելու համար:
«Եթե նրանք վայր դնեն զենքերը և հանձնվեն, նրանց երաշխավորված կլինի կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային իրավունքի նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան», – հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը «ամեն ինչ անում է» ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնումը սկսելու համար: Նրա խոսքով, «իրավիճակը, ընդհանուր առմամբ, առաջ է շարժվում»:
Այս հայտարարությունները Ռուսաստանի պետական մեդիան հեռարձակել է ուղիղ եթերում: