Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զորքեր կտեղակայի Ֆինլանդիայի սահմանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ

13:56, 13.03.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ, զորքեր կտեղակայի այս երկրի սահմանին։ Այս մասին Պուտինը հայտարարել է Դմիտրի Կիսիլիևին տված հարցազրույցում։

Ինչպես նա նշեց, Ռուսաստանը բավականին լավ և կայուն հարաբերություններ ուներ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։

«Կարծում եմ՝ նրանք ավելի շատ կշահեին՝ չեզոք մնալով, քանի որ դա ձեզ որոշակի առավելություններ է տալիս, նույնիսկ որպես սակարկության միջոց՝ Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար: Ֆինլանդիայի հետ մենք կատարյալ հարաբերություններ ունեինք, ուղղակի կատարյալ։ Մենք միմյանց դեմ դժգոհություններ չենք ունեցել, հատկապես տարածքային, որ չասեմ այլ ոլորտների մասին։ Մենք նույնիսկ զորք չունեինք, բոլոր ստորաբաժանումները դուրս բերեցինք ռուս-ֆիննական սահմանից։ Ինչու՞ նրանք դա արեցին: Իմ կարծիքով՝ միայն զուտ քաղաքական նկատառումներից ելնելով։ Երեւի շատ էին ուզում լինել արեւմտյան ակումբի անդամ, ինչ-որ «հովանոցի» տակ։ Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու է դա նրանց պետք: Սա բացարձակապես անիմաստ քայլ է սեփական ազգային շահերի ապահովման առումով։ Այնուամենայնիվ, դա նրանց որոշելիքն է: Մենք այնտեղ բանակ չենք ունեցել, հիմա կունենանք։ Մենք այնտեղ զենքի համակարգեր չունեինք, հիմա դրանք կհայտնվեն»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, լավ են եղել նաև Ռուսաստանի և Ֆինլանդիայի տնտեսական հարաբերությունները։ Սակայն, ըստ նրա, այժմ իրավիճակը կփոխվի:

Նմանատիպ