Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերը։ Ռուսական պետական քաղաքականության հիմքերի համաձայն՝ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, ինչը կրիտիկական վտանգ է ներկայացնում տարածքային ամբողջականության համար։
Փաստաթղթի համաձայն՝ ռազմական կոալիցիայի անդամ ցանկացած երկրի ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների նկատմամբ համարվում է ողջ կոալիցիայի ագրեսիա։
Նոր դոկտրինի համաձայն՝ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ ագրեսիան համարվում է համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։
Միջուկային դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել իր կամ իր դաշնակիցների դեմ՝ ի պատասխան զանգվածային ոչնչացման զենքի կիրառման։
Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը պահպանում է միջուկային զսպիչ ուժը հավանական հակառակորդների դեմ: Դրանք են՝ պետությունները, դաշինքները, որոնք Ռուսաստանին հակառակորդ են համարում։
Միջուկային դոկտրինի համաձայն՝ ռազմական հակամարտության ժամանակ միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականությունը ապահովում է ռազմական գործողությունների դադարեցում Ռուսաստանի համար ընդունելի պայմաններում։
Փաստաթղթում նշվում է, որ միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականությունը կրում է պաշտպանական բնույթ, իսկ Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և անհրաժեշտ միջոց է։