Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմի ղեկավար Ալան Գագլոևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմի ղեկավար Ալան Գագլոևին։
Ինչպես նշվում է «նախագահ» Ալան Գագլոևի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ, հանդիպմանը քննարկվել է ստեղծված իրավիճակը և համագործակցության խորացումը։
«Ես չեմ նկարագրի Ռուսաստանի եւ Հարավային Օսեթիի հարաբերությունները, այստեղ մեկնաբանելու կարիք չկա։ Ուզում եմ նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ անցած տարի բեռնաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է։ Մշակվում է ներդրումային ծրագիր, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ֆինանսավարկային ծրագիր։ Հարավային Օսեթիի Հանրապետության տարածքում տեղակայված է ռազմաբազա՝ Հարավային Օսեթիի անվտանգության համար։ Համապատասխան գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն է հաստատվել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ըստ օկուպացիոն ռեժիմի տեղեկությունների՝ Ալան Գագլոևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար և հրավիրել «Հարավային Օսեթի»։
«Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ մեր կողքին է եղել ամենադժվար ժամանակներում։ Նա աջակցում է մեզ և մինչ այժմ մեզ անգնահատելի օգնություն է ցույց տվել։ Մենք հիշում ենք 2008 թվականի օգոստոսը, երբ Հարավային Օսեթիի ժողովուրդը կանգնած էր լիակատար ոչնչացման սպառնալիքի առաջ, սակայն ժամանակին և ճիշտ որոշումից հետո ագրեսորը կանգ առավ։ Մենք միայն շնորհակալական խոսքեր չենք ասում և մեր պարտքը գործով ենք վճարում, հատուկ ռազմական գործողության ընթացքում օս մարտիկները ռուս եղբայրների հետ միասին պաշտպանում են մեր ընդհանուր պատմությունը, արժեքներն ու համոզմունքները։ Այս տարի մենք նշում ենք Հարավային Օսեթիի անկախության ճանաչման 15-ամյակը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ հրավիրել Հարավային Օսեթի՝ որպես ամենապատվավոր հյուր»,- ասել է Ալան Գագլոևը։