Վլադիմիր Պուտին. Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, և նրանք չգողանային նրա հաղթանակը 2020 թվականին, ապա միգուցե Ուկրաինայում ճգնաժամ չլիներ, որը սկսվեց 2022 թվականին
Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը կապված է նախորդ ընտրություններում Բայդենի հաղթանակի հետ,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ժամանակ։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինը մեկ անգամ չէ, որ կրկնել է Դոնալդ Թրամփի արտահայտած կարծիքը, որ 2022 թվականին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ չէր սկսվի, եթե Թրամփը լիներ նախագահ։
«Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, եթե չգողանային նրա հաղթանակը 2020 թվականին, ապա միգուցե 2022 թվականին սկսված ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Թրամփը իմաստուն, պրագմատիկ անձնավորություն է և դժվար թե որոշումներ կայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, ինչը կարող է վնասել հենց Միացյալ Նահանգների տնտեսությանը։
«Ես կասկածում եմ, որ Թրամփը որոշում կկայացնի, որը կվնասի ամերիկյան տնտեսությանը։ Նա ոչ միայն խելացի է, այլեւ պրագմատիկ։ Ինձ համար դժվար է պատկերացնել որոշումներ, որոնք կվնասեն հատկապես ամերիկյան տնտեսությանը»,- նշել է ՌԴ նախագահը։
Ինչ վերաբերում է Թրամփի հետ հանդիպմանը, Պուտինը նշել է, որ այս հանդիպումն անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք ԱՄՆ գործող նախագահի հայտարարությունները համատեղ աշխատանքի մասին։ Մենք միշտ բաց ենք դրա համար»,- նշել է ՌԴ նախագահը։
Բացի այդ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինը նշել է, որ «պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, թեև մատնանշել է Զելենսկու բանակցությունների արգելքը»։
«Ինչպես հայտնի է, Կիևի ռեժիմի ներկայիս ղեկավարը, ով նախկինում բավականին լեգիտիմ պետության ղեկավար էր, հրամանագիր է արձակել բանակցություններն արգելելու մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են վերսկսվել բանակցությունները, եթե դրանք արգելված են»,- ասել է Պուտինը: