Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են կատարել հատուկ ռազմական գործողության խնդիրները և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ռազմաճակատով
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողության խնդիրների կատարումը և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով, – այս մասին ճակատային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խորհրդակցության ընթացքում Պուտինն ունկնդրել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և տարբեր ռազմական խմբավորումների հրամանատարների հաշվետվությունները։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողության խնդիրների կատարումը և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով։ Պլանային կերպով ընթանում է նաև անվտանգության գծի ստեղծումը Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում», – հայտարարել է Պուտինը։
Գերասիմովի հաշվետվությունը լսելուց հետո Պուտինն ընդգծել է, որ ճակատի բոլոր ուղղություններով «լավ դինամիկա» է դիտվում։ Նրա խոսքով՝ «տարածքների ազատագրումը» Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում իրականացվում է աստիճանաբար՝ ըստ Ռուսաստանի ծրագրերի, և ռազմավարական նախաձեռնությունը լիովին գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում։
Նույն խորհրդակցության ժամանակ ռազմական հրամանատարները Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Դոնեցկի շրջանի Սևերսկ քաղաքը գրավելու մասին։