Վլադիմիր Պուտին. Մոսկվան գազի համաշխարհային շուկայի գլխավոր խաղացողներից մեկն է, Ռուսաստանում ունենք առած. «Ուրիշի համար փոս մի փորիր, թե չէ ինքդ կընկնես մեջը», հենց սա է տեղի ունեցել Եվրամիության երկրներում
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը բացել է Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի լիագումար նիստը։ Ռուսական մեդիայի տեղեկացմամբ՝ Պուտինը ոչ բարեկամական պետություններին զգուշացրել է, որ գազի համաշխարհային շուկայի մասնակիցների ցանկից Ռուսաստանին բացառելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա։
«Գիտեք, Ռուսաստանում այսպիսի առած ունենք. «Ուրիշի համար փոս մի փորիր, թե չէ ինքդ կընկնես մեջը»։ Իմ կարծիքով՝ հենց սա է տեղի ունեցել այսօր Եվրամիության երկրներում», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան գազի համաշխարհային շուկայի գլխավոր խաղացողներից մեկն է։ Նրա խոսքով՝ բնական գազի պաշարների ծավալով Ռուսաստանն աշխարհում առաջին տեղում է, իսկ արդյունահանմամբ՝ երկրորդ։
Բացի այդ, Պուտինի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պատասխանատվությամբ է կատարում արտասահման գազի մատակարարման հետ կապված բոլոր պարտավորությունները, իսկ Եվրոպան, հրաժարվելով ռուսական էներգառեսուրսներից, ինքն է հարված հասցնում սեփական արդյունաբերական секտորին։
«Մենք ստեղծել ենք եզակի արտադրական համալիր, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, դրա վերամշակումը և զարգացնել գազաքիմիական արդյունաբերությունը։ Այս հզոր ռեսուրսային, գիտական և արդյունաբերական բազան օգտագործում ենք ազգային տնտեսության աճի համար։ Միևնույն ժամանակ, արտասահմանում գազի պատասխանատու մատակարար ենք և հուսալի, կանխատեսելի գործընկեր», – նշել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ գազի համաշխարհային ոլորտն այժմ լուրջ տատանումներ է ապրում։ Այնուամենայնիվ, գազի գները կարող են նույնքան կտրուկ նվազել, որքան աճել են։
Ռուսաստանի նախագահը որպես հիմնական խնդիր նշել է մատակարարման խափանումները, քանի որ, նրա խոսքով, շուկայից դուրս են մնացել մատակարարման մեծ ծավալներ։ Ինչպես հայտարարել է Պուտինը, աշխարհում գազի պահանջարկը դարձյալ կաճի, և անհրաժեշտ է մեծացնել դրա մատակարարման ծավալները։
«Այսօր հիմնական խնդիրը գազի մատակարարման խափանումն է։ Կարճ ժամանակահատվածում շուկայից դուրս մնացին մատակարարման մեծ ծավալներ։ Այդուհանդերձ, պահանջարկը ոչ մի տեղ չի անհետացել։ Ուստի անհրաժեշտ է մշակել տրանսպորտային երթուղիների օպտիմալացում՝ հաշվի առնելով ֆորումին մասնակցող երկրների աշխարհագրական դիրքը, այդ թվում՝ այդ երկրների միջև փոխադարձ գործառնությունների իրականացման ճանապարհով, այսինքն՝ մեր միջև», – հայտարարել է Պուտինը։