Վլադիմիր Պուտին. Ջո Բայդենի հայտարարությունը, թե Ուկրաինայում հաղթանակի դեպքում Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա, անհեթեթություն է, մենք դրանում շահագրգռվածություն չունենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» է համարում Ջո Բայդենի հայտարարությունը, թե Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա, եթե հաղթի Ուկրաինայում։
«Սա կատարյալ անհեթեթություն է, և ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը գիտակցում է դա»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Բայդենը փորձում է արդարացնել ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։
«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների հետ կռվելու պատճառ չունի, շահագրգռվածություն չունի, աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքական կամ ռազմական շահ չունի»,- ասում է Պուտինը։
ԱՄՆ նախագահը մի քանի օր առաջ ասել էր, որ «եթե Պուտինը նվաճի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի, կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամների վրա, և այդ ժամանակ մենք կունենանք ամերիկացի զինվորներ, որոնք կռվում են ռուս զինվորների հետ»։
Պուտինի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի «հետեւի դուռն է», իսկ Ամերիկան իրականում կազմակերպության «տերն» է։
«Փաստորեն, Ամերիկան ՆԱՏՕ-ի տերն է, այս կազմակերպությունը նրանց ետևի դուռն է»,- ասել է Պուտինը։