Վլադիմիր Պուտին. Արևմտյան երկրները եթե կալանավորեն ռուսական առևտրային նավերը, Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ արևմտյան երկրները եթե կալանավորեն ռուսական առևտրային նավերը, Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ուժեղանում է Ռուսաստանի համար սպառնալիք ստեղծելու նպատակով, ինչով մեծանում է կոնֆլիկտի պոտենցիալը։
Այս մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ, որոնք անցել են եզրափակիչ փուլ։
«Մենք տեսնում ենք, որ այստեղ, ցավոք, կոնֆլիկտի պոտենցիալը մեծանում է։ ՆԱՏՕ-ն սկսում է ներթափանցել տարածաշրջան, ստեղծվում են նոր ռազմաքաղաքական բլոկներ, տեղակայված են և ծրագրվում է Ռուսաստանի համար սպառնալիք պարունակող նոր սպառազինությունների համակարգերի տեղակայում», – հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները իրականացնում են ռուսական նավերի և գույքի բռնագրավում, ինչը, նրա ասելով, ծովահենություն է։ Պուտինը նշել է, որ Մոսկվան բոլորին արժանի պատասխան կտա։
«Մենք տեսնում ենք, որ որոշ երկրների իշխանություններ, միջազգային ծովային ունեցվածքի/իրավունքի խախտմամբ, փորձում են սահմանափակել մեր տնտեսական օպերատորների, քաղաքացիական նավերի տեղաշարժը։ Հասել են անգամ նրան, որ քննարկել են մեր նավերի բռնագրավումը և բռնագրավված գույքի վաճառքը։ Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծովահենություն և թալան։ Եթե նման գործողություններն գործնականում իրականացվեն, ստիպված կլինենք հայելային պատասխան տալ։ Եվ ոչ պարտադիր այն նույն ջրերում, որտեղ նավերի վրա հարձակումներ են ծրագրվում։ Ինքներս կորոշենք, թե որտեղ և երբ կլինի նման արձագանքն անհրաժեշտ և նպատակահարմար», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։