«Վիվամեդին» դիմում է քրեակատարողական հիմնարկին՝ գնահատելու Սաակաշվիլիի կլինիկայում պահելու նպատակահարմարությունը, քանի որ բուժումը, որին հիվանդը համաձայնում է, հնարավոր է ցանկացած այլ հիմնարկում
Ստիպված ենք դիմել քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությանը՝ գնահատելու համար «Վիվամեդի» կլինիկայում պացիենտ Սաակաշվիլիին հետագայում պահելու նպատակահարմարությունը, քանի որ սիմպտոմատիկ բուժումը, որին հիվանդը համաձայնում է, հնարավոր է ցանկացած այլ հաստատությունում,- ասված է «Վիվամեդի» կլինիկայի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պացիենտ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից մինչ այժմ գտնվում է «Վիվամեդի» կլինիկայում։
«Հիվանդը ենթարկվել է ամբողջական հետազոտությունների, կատարվել է ախտորոշում, որոշվել բուժման սխեման՝ համաձայն ժամանակակից ուղեցույցների։
Այս ամբողջ ընթացքում, չնայած մեր նկատմամբ աննախադեպ ճնշումներին, մենք փորձում էինք հիվանդին համոզել անցնել բուժման կուրս, որը քիչ թե շատ հաջող էր մինչև հոկտեմբեր ամիսը, և առողջական վիճակի զգալի բարելավում կար։ Անցյալ տարվա հոկտեմբերից հետո հիվանդը հրաժարվում է առաջարկվող բուժումից, հատկապես, եթե այս կամ այն դեղամիջոցը կամ պրոցեդուրան դրական է ազդում նրա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ տվյալների վրա։
Ուստի վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում, անվստահություն է հայտնում բուժանձնակազմի նկատմամբ և հրաժարվում առաջարկվող բուժման սխեմայից։
Արդյունքում «Վիվամեդի» բժշկական կենտրոնը անարժանաբար ստանում է հեղինակության հսկայական հարված (օրինակ՝ մենք ձեզ չենք բուժում, չենք կարող բուժել և այլն), որը կտրականապես անընդունելի ենք համարում։ Բժշկական էթիկայի հիման վրա բժշկական անձնակազմը չի կարող բռնի կերպով բուժել որևէ մեկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։