Վիճակագրության ծառայություն - 2022 թվականին Վրաստանի բնակչությունն ավելացել է 47710 մարդով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3736,4 հազար մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։ Նշենք, որ 2022 թվականին արձանագրվել է բացասական բնական աճ՝ 6799 և դրական միգրացիոն մնացորդ՝ 54509։
Ըստ վիճակագրության ծառայության՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60,4 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։ 0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռը ողջ բնակչության մեջ 20,7 տոկոս է, աշխատունակ բնակչության տեսակարար կշիռը, որը ներկայացնում է 15-64 տարիքային խումբը, 63,8 տոկոս է, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմում է 15,6 տոկոս։
Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1793,8 հազար, իսկ կանանցը՝ 1942,5 հազար։ Բացի այդ, Վրաստանի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52 տոկոսը՝ կանայք։ Սեռերի հարաբերակցությունը 92 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Նշենք, որ մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35 տարեկանից հետո հակառակ պատկերն է նկատվում, ինչը պայմանավորված է տղամարդկանց համեմատ կանանց կյանքի տեւողությամբ։
2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին կյանքի տեւողությունն աճել է 2,3 միավորով եւ կազմել 73,7 տարի, այդ թվում՝ տղամարդկանց համար՝ 69,4, իսկ կանանցը՝ 78,1 տարի։