Վիտալի Կլիչկո. Ինչ քայլ էլ որ ձեռնարկի Վլադիմիր Զելենսկին, մեր նախագահը քաղաքական ինքնասպանության վտանգի տակ է
Վիտալի Կլիչկո. Ինչ քայլ էլ որ ձեռնարկի Վլադիմիր Զելենսկին, մեր նախագահը քաղաքական ինքնասպանության վտանգի տակ է

Ինչ քայլ էլ որ ձեռնարկի Վլադիմիր Զելենսկին, մեր նախագահը կանգնած է քաղաքական ինքնասպանության վտանգի առաջ, իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կլիչկոյի խոսքով՝ առաջիկա ամիսները շատ դժվար են լինելու Վլադիմիր Զելենսկու համար։

«Նա կշարունակի՞ պատերազմը նոր մահերով ու ավերածություններով, թե՞ կմտածի Պուտինի հետ տարածքային փոխզիջման մասին։ Իսկ այս դեպքում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի ճնշումը Թրամփի հաղթանակի դեպքում։ Կամ ինչպե՞ս բացատրենք երկրին, որ պետք է զիջենք մեր տարածքի այն հատվածները, որոնց համար զոհվեցին մեր հազարավոր հերոսները։ Ինչ քայլ էլ անի՝ մեր նախագահը կանգնած է քաղաքական ինքնասպանության վտանգի առաջ։ Եկեք ուղղակիորեն ասենք. մենք պետք է հաղթենք պատերազմում, բայց իրավիճակը գնալով բարդանում է, դա կախված է դաշնակիցների օգնությունից, մղձավանջ կլինի, եթե մենք ստիպված լինենք պայքարել ևս երկու տարի»,- ասել է Վիտալի Կլիչկոն։

Կիևի քաղաքապետի խոսքով՝ Զելենսկին հավանաբար ստիպված կլինի հանրաքվե անցկացնել, քանի որ առանց ժողովրդական լեգիտիմության չի կարող նման ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների հասնել։

Կլիչկոյի կարծիքով՝ լուծումներից մեկը կարող է լինել ազգային միասնության կառավարության ստեղծումը, ինչպիսին Իսրայելում ստեղծվեց ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

«Սակայն ես վստահ չեմ, որ նա պատրաստ է հրաժարվել իր ձեռքում գտնվող կենտրոնացված իշխանությունից, որը երաշխավորել է ռազմական դրությունը ռուսական ներխուժման առաջին օրվանից։ Զելենսկին չափազանց մեծ իշխանություն է կենտրոնացրել իր կաբինետում։ Արդյունքում խորհրդարանը կորցրեց իր համապատասխան դերը։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր երկիրը ժողովրդավարական հանրապետություն է՝ կապված եվրոպական կառավարությունների ավանդույթների հետ։ Մենք պայքարում ենք ռուսական բռնապետությունից պաշտպանվելու համար, ուզում ենք լրիվ տարբեր մնալ Պուտինի ռեժիմից։ Վեց ամիս առաջ ես գերմանական մամուլին ասացի, որ մեր երկրում ավտորիտարիզմի հոտ է զգացվել»,- ասել է Վիտալի Կլիչկոն։