«Վիրավորական է», որ չեմ ներառվել ԱՄՆ-ի «սև ցուցակում». Վլադիմիր Պուտին
«Վիրավորական է», որ չեմ ներառվել ԱՄՆ-ի «սև ցուցակում». Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «սև ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» դրանում չհայտնվելը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այդ փաստաթուղթը վնաս է հասցնում միջազգային հարաբերություններին, սակայն նա կատարյալ հիմարություն է համարել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջական դադարեցումը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան համբերատար կերպով Վաշինգտոնի հետ հարաբերություններ է կառուցելու այն չափով, որ չափով դրան պատրաստ են Միացյալ Նահանգներն իրենք: «Ի՞նչ են նրանք ցանկանում: Նրանք իրենք իրենց համար պետք է որոշեն՝ ինչ են իրենք ցանկանում:

Մենք գիտենք՝ ինչ ենք մենք ցանկանում. մենք ցանկանում ենք երկարաժամկետ, կայուն հարաբերություններ հաստատել՝ հիմնված հարաբերությունների միջազգային իրավունքի վրա»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան առայժմ ձեռնպահ կմնա պատասխան քայլերից: «Մենք այդ ցուցակին սպասում էինք եւ, չեմ թաքցնի՝ պատրաստ էինք պատասխան քայլեր ձեռնարկել, ընդ որում՝ լուրջ, որոնք մեր հարաբերությունները կհասցնեին զրոյի: Մենք առայժմ ձեռնպահ կմնանք նման քայլերից»,-ասել է պետության ղեկավարը: