Վիկտոր Օրբանի՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ նամակի պատճառով Շառլ Միշելը դադարեցնում է իր այցը Չինաստան և քննարկումներ կանցկացնի ԵՄ երկրների ղեկավարների հետ
Վիկտոր Օրբանի՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրամիության խորհրդի նախագահին ուղարկված նամակի պատճառով Շառլ Միշելը դադարեցնում է իր այցը Չինաստան։
Ինչպես հաղորդում է «Politico»-ն, Միշելը կվերադառնա Բրյուսել եւ կշարունակի քննարկումները ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ։
Նախկինում հայտնի էր դարձել, որ Հունգարիայի վարչապետը նամակ է հղել Եվրամիության խորհրդի նախագահին և կոչ է արել Շառլ Միշելին օրակարգից հանել Ուկրաինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովում։
«Ես հարգանքով կոչ եմ անում ձեզ չգումարել Եվրամիության խորհուրդը այս հարցի շուրջ, քանի որ ակնհայտ է, որ չկա կոնսենսուս, և դա կբերի անխուսափելի ձախողման», – ասվում է Օրբանի դեկտեմբերի 4-ի նամակում։
Ըստ «Politico»-ի՝ Միշելի՝ Չինաստան այցի չեղարկման պատճառը մասամբ այն է, որ նա չունի անվտանգ հաղորդակցման գիծ՝ այցի ընթացքում եվրոպացի առաջնորդների հետ քննարկումներ անցկացնելու համար։
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիկտոր Օրբանին մինչև շաբաթվա վերջ հրավիրել է Փարիզ՝ խոսելու նույն հարցի շուրջ։
Դեկտեմբերի 7-ին Չինաստանում ծրագրվում է Չինաստան-ԵՄ գագաթնաժողովը։