Վիկտոր Օրբանը Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացրել է հրատապ զինադադարի գաղափարը
Կիևում Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ընթացքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես է եկել անհապաղ զինադադարի գաղափարով։
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկկողմ բանակցությունների ավարտից հետո Հունգարիայի ղեկավարը մամուլին խոստովանել է, որ ուկրաինացի գործընկերոջն առաջարկել է անհապաղ դադարեցնել կրակը ռուսական զորքերի հետ շփման ընթացիկ գծում։ Օրբանն ընդգծել է, որ դեմ չէ պատերազմին վերջ տալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն կարծում է, որ այդ ծրագրերը վաղուց են սպասվում։
«Ես պարոն նախագահին ասացի, որ նրա նախաձեռնությունները երկար են տևում միջազգային դիվանագիտության կանոններով։ Ուստի ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե արդյոք ինչ-որ բան կարելի է անել մի փոքր այլ կերպ՝ զինադադար, ապա բանակցություններ Ռուսաստանի հետ, քանի որ զինադադարը կարագացնի բանակցությունների տեմպերը»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ չի պնդել սեփական նախաձեռնությունը և ընդունել է ուկրաինական փաստարկները։
«Ես շնորհակալ եմ այս հարցում նախագահի անկեղծ կարծիքի համար»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Սակայն, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, նախագահ Զելենսկին իր ելույթում խուսափել է այս խնդրից, սակայն նշել է, որ Հունգարիան շվեյցարական գագաթնաժողովում աջակցել է Ուկրաինայի խաղաղարար նախաձեռնություններին։
«Հունգարիան մասնակցել է խաղաղության առաջին գագաթնաժողովին և աջակցել գագաթնաժողովի կոմյունիկեին։ Դա վկայում է Հունգարիայի պատրաստակամության մասին՝ արդյունավետ լինելու իրական երկարաժամկետ անվտանգությունը վերադարձնելու հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Կիևում կայացած բանակցություններից հետո Զելենսկին և Օրբանը պայմանավորվել են աշխատել երկկողմ հարաբերությունների շուրջ համաձայնագրի վրա, որը կլուծի երկու կողմերի խնդիրները։ Օրբանը նաև խոստացել է բացել և ֆինանսավորել Հունգարիայում առաջին ուկրաինական դպրոցը։