Վիկտոր Օրբանը, Հերբերտ Քիքլը և Անդրեյ Բաբիշը հայտարարեցին, որ Եվրախորհրդարանում նոր աջակողմյան խումբ են ստեղծում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլը և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարեցին, որ նոր աջակողմյան խմբավորում են ստեղծում Եվրախորհրդարանում։ Նրանք այս հայտարարությունն արել են Վիեննայում կայացած հանդիպումից հետո։
Օրբանը, Բաբիշը և Քիքլը հրապարակել են «հայրենասիրական մանիֆեստ Եվրոպայի ապագայի համար»՝ հայտարարելով, որ Եվրամիությունը «շրջվել է եվրոպացիների դեմ և այժմ ներկայացնում է ազգերի, տարածաշրջանների և փոքր համայնքների կամքին հակառակ շահերը»։
Հունգարիայի վարչապետը ասուլիսում հայտարարեց, որ հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո «սկսվում է նոր դարաշրջան»։
«Մենք մեր վրա ենք վերցնում մի խումբ ստեղծելու պատասխանատվությունը, որը կլինի Եվրոպայի ամենաուժեղ աջ կոալիցիան։ Ձեր առջև այժմ կանգնած են ավստրիական, հունգարական և չեխական ամենաուժեղ ուժերը»,- ասել է Օրբանը։
Եվրախորհրդարանի խմբակցությունները մինչեւ հուլիսի 15-ը պետք է հրապարակեն իրենց կազմը, որում պետք է լինի առնվազն 23 պատգամավոր Եվրամիության առնվազն յոթ երկրներից։ Այսպիսով, Օրբանի, Բաբիշի և Քիքլի դաշինքը դեռևս կարիք ունի Եվրամիության առնվազն չորս երկրների եվրախորհրդարանի պատգամավորների աջակցության։