Վիկտոր Օրբան.ԵՄ դատարանը, որը տուգանել է Հունգարիային 200 միլիոն եվրոյով, ղեկավարում է Ջորջ Սորոսը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդում է, որ Եվրամիության դատարանը, որը տուգանել է իր երկրին 200 միլիոն եվրոյով միգրացիոն քաղաքականության միջոցները չկատարելու համար, վերահսկվում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից։
Այդ մասին նա հայտարարել է Հունգարիայի պետական ռադիոյին տված հարցազրույցում։
«Սորոսը ծրագիր ունի, նա հայտարարել է, երբեք չի թաքցրել, ինքն է գրել»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Խոսելով Եվրամիության մասին՝ Օրբանը նշել է, որ Բրյուսելի ու Հունգարիայի «հին պատերազմը» շարունակվում է։
Նրա խոսքով, միգրացիայի հետ կապված Բրյուսելի պահանջը «միգրանտներին ներս թողնելն է», մինչդեռ ինքը կարծում է, որ հունգարացիները պետք է իրավունք ունենան «որոշել, թե ում հետ են ուզում ապրել»։
Օրբանը նաև նշել է, որ Բուդապեշտի նկատմամբ կիրառված տուգանքը «շատ մեծ գումար» է։ Նրա խոսքով՝ ինքը կնախընտրեր այդ գումարը բաժանել ընտանիքների ու թոշակառուների միջեւ, սակայն «Բրյուսելի պատճառով» դա չի կարող անել։
2020 թվականի դեկտեմբերին դատարանը վճռեց, որ Հունգարիան չի հետևում միգրանտների վերաբերյալ ԵՄ օրենսդրությանը և երկրին հանձնարարեց բարելավել իր մոտեցումը միգրանտների նկատմամբ։
Նոր վճռով դատարանը հայտարարեց, որ իր որոշումներին չկատարելը ԵՄ օրենսդրության աննախադեպ և ծայրահեղ լուրջ խախտում է։ Նշվել է, որ Հունգարիան չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապաստան հայցողների համար միջազգային պաշտպանության ընթացակարգի ապահովման վերաբերյալ 2020թ.
Դատարանի որոշման համաձայն՝ Բուդապեշտը չի պաշտպանել ապաստան հայցողների՝ Հունգարիայում մնալու իրավունքը՝ մինչև վերջիններիս դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը։ Դատարանը համարել է, որ նման արարքով Հունգարիան անտեսել է համագործակցության սկզբունքը և միտումնավոր խուսափել է Եվրամիության ընդհանուր քաղաքականության տարածումից։
Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ միգրանտները կարող են ապաստան խնդրել միայն Հունգարիայի սահմաններից դուրս՝ հարեւան Սերբիայում և Ուկրաինայում նրա դեսպանատներից: Սահմանն ապօրինի հատողներին սովորաբար հետ են ուղարկում։