Վիկտոր Օրբան. Գերմանիան, նրա կանցլեր Օլաֆ Շոլցը վերջապես արթնացել է և նկատել միգրացիայի բացասական հետևանքները
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Գերմանիան և նրա կանցլեր Օլաֆ Շոլցը «վերջապես արթնացել են» միգրացիայի բացասական հետևանքներից։ Այս մասին Օրբանը խոսել է Հունգարիայի պետական ռադիոյին տված հարցազրույցում։
«Սահմանային անվտանգությունը վերջերս բացասական բառ է դարձել, քանի որ բոլորը պարտավոր են միգրանտներին ներս թողնել. ով կանգնեցնում է նրանց, նա «վատ տղա է»: Հիմա Գերմանիան արթնացել է։ Ահաբեկչությունը, հանցագործությունը, միգրանտների սոցիալական և ֆինանսական բեռը, ովքեր չեն ցանկանում աշխատել, այս ամենը սկսում է արթնացնել գերմանացիներին»,- ասել է Օրբանը հարցազրույցում։
Վիկտոր Օրբանի խոսքով՝ եթե եվրոպացի առաջնորդներն ասում են, որ սահմանները պետք է պաշտպանվեն, ապա չպետք է պատժեն նրանց, ովքեր պաշտպանում են դրանք։
Հունիսին Եվրամիության դատարանը Հունգարիային 200 միլիոն եվրոյի չափով տուգանք է կիրառել միգրացիոն քաղաքականության շրջանակներում սահմանված միջոցները չկատարելու համար։ Օրբանն ասել է, որ պատժի փոխարեն Հունգարիան պետք է ֆինանսական աջակցություն ստանա սահմանների պաշտպանության համար։