Վերականգնողական աշխատանքների պատճառով «Ղազբեգի» մաքսակետում սահմանը հատող մեքենաների ելքերի աշխատանքը կդադարեցվի մեկ ամսով
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկացմամբ՝ մայիսի 5-ից մեկ ամսով «Ղազբեգի» մաքսային անցակետում ընթացող շինարարական/վերականգնողական (թեթև մեքենաների նոր ելքերի կազմակերպման նպատակով) աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։
«Տեղեկացնում ենք, որ թեթև մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով՝ թեթև տրանսպորտային միջոցների հոսքի որոշակի ուշացումով։
Տեղեկացնում ենք, որ ուղևորների համար սահմանի հատման ընթացակարգերը կիրականացվեն 24 ժամ՝ անփոփոխ/սահուն։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Ղազբեգի» մաքսակետը սովորականի պես կաշխատի»,- նշված է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության մեջ։