Վենեսուելայի պաշտպանության նախարար. Վենեսուելան դարձել է ամենահանցավոր ռազմական ագրեսիայի թիրախը, մենք կօգտագործենք պաշտպանության համար բոլոր հնարավորությունները
Վենեսուելայի պաշտպանության նախարար. Վենեսուելան դարձել է ամենահանցավոր ռազմական ագրեսիայի թիրախը, մենք կօգտագործենք պաշտպանության համար բոլոր հնարավորությունները

Վենեսուելան կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը, հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն։

Նրա խոսքով՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ժողովրդին պաշտպանելու համար։

«Ազատ, անկախ և ինքնիշխան Վենեսուելան դատապարտում է օտարերկրյա զորքերի այս գործողությունները, որոնք իրենց ճանապարհին թողել են մահ, ցավ և ավերածություններ։ Մեր գլխավոր հրամանատար Նիկոլաս Մադուրոյի հրամանով մենք կհատկացնենք բոլոր ռեսուրսները ազգի ամբողջական պաշտպանության համար։ Ռազմական և ոստիկանական ուժերի համակարգված աշխատանքով մենք սկսել ենք բոլոր ցամաքային, օդային, ծովային և հրթիռային պաշտպանության զենքի համակարգերի զանգվածային տեղակայումը», – ասել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը։

Վլադիմիր Պադրինոն ասել է, որ Վենեսուելան եղել է «ամենահանցավոր ռազմական ագրեսիայի» թիրախ, և երկիրն այժմ հետաքննում է մահացածների և վիրավորների թիվը։

«Վենեսուելայի ժողովուրդը Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացված ամենահանցավոր ռազմական ագրեսիայի թիրախն է եղել։ Մինչ օրս օկուպացիոն ուժերի բարբարոսությունը ոտնահարել է մեր սրբազան հողը՝ Ֆուերտե Տիունա, Կարակաս, Միրամար, Արագուա և Լա Գուարդիա վայրերում, որտեղ ուղղաթիռները հրթիռներ են արձակել քաղաքացիական տարածքների վրա, որտեղ մենք արդեն տեղեկություններ ենք հավաքում մահացածների և վիրավորների թվի մասին», – ասել է Պադրինոն։

Հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծել են Վենեսուելայի ռազմական բազաները, երկրի գլխավոր նավահանգիստը և խորհրդարանի շենքը։

Վենեսուելայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին հարձակման մեջ և դատապարտել «ռազմական ագրեսիան», որը, ըստ նրա, ուղղված էր Վաշինգտոնի՝ երկրի նավթն ու հանքանյութերը յուրացնելու ցանկությանը։

Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ զինված ուժերը գերի են վերցրել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և դուրս են բերել երկրից։