Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը լքել է երկիրը և մեկնել Իսպանիա այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու որոշում է կայացրել
Վենեսուելայի ընդդիմության նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը լքել է Վենեսուելան ու մեկնել Իսպանիա, այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը։ Այն բանից հետո, երբ Վենեսուելայի դատարանը Գոնսալեսին ձերբակալելու օրդեր արձակեց մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ պետական տուրքերի յուրացում, կեղծիք, անհնազանդության դրդում և համակարգի սաբոտաժ, ընդդիմության նախագահի թեկնածուն լքեց երկիրը և քաղաքական ապաստան խնդրեց Իսպանիայում:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան թույլատրել է Գոնսալեսին լքել երկիրը «քաղաքական հանգստության պատճառով»։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտնել է, որ Գոնսալեսը Իսպանիա է ժամանել իր խնդրանքով իսպանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընտրական մարմինը հուլիսյան ընտրություններում հաղթող է հայտարարել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, թեև ընդդիմությունը պնդում է, որ Գոնսալեսը հաղթել է ընտրություններում քվեարկության արդյունքներով։ Մադուրոյի հաղթող հռչակմանը երկրում հաջորդել են բողոքի ցույցեր։ Ընտրություններից հետո իշխանությունները ձերբակալել են ավելի քան 2400 մարդու։ Եվրամիությունը հայտարարեց, որ չի ճանաչի Մադուրոյի հաղթանակը, քանի դեռ չեն տեսել քվեարկության մանրամասն արդյունքները։ Իսկ ԱՄՆ-ում հայտարարում էին, որ Գոնսալեսը հավաքել է ամենաշատ ձայները, և Մադուրոյի պարտության անվրեպ ապացույցներ կան։ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ նույնպես հրաժարվել են աջակցել Մադուրոյին։ Մադուրոյի նախկին դաշնակիցը՝ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել թափանցիկ լինել։