Վենեսուելան ազատ է արձակել վեց ամերիկացի բանտարկյալների՝ Նիկոլաս Մադուրոյի և Դոնալդ Թրամփի ներկայացուցչի միջև բանակցություններից հետո
Վենեսուելան ազատ է արձակել վեց ամերիկացի բանտարկյալների: Ինչպես գրում է «BBC»-ն, «բանտարկյալներն ազատ են արձակվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Ռիչարդ Գրենելի միջև բանակցություններից հետո»։
Դոնալդ Թրամփն ու Ռիչարդ Գրենելը սոցցանցերի միջոցով կիսվել են բանտարկյալի ազատ արձակման մասին տեղեկատվությամբ։ Գրենելը հրապարակել է բոլոր վեց ազատ արձակված բանտարկյալների լուսանկարը՝ արված ինքնաթիռում և նշել, որ նրանք արդեն հեռախոսով խոսել են նախագահ Թրամփի հետ։
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարություն է տարածել սոցցանցերում։ Նա գովել է Գրենելին և ասել, որ պատանդներին տուն է բերում։
Հունվարին Վենեսուելան հայտարարեց, որ ձերբակալել է մի խումբ «վարձկանների», այդ թվում՝ Ամերիկայի քաղաքացիների։
Թրամփի ներկայացուցչի և Նիկոլաս Մադուրոյի հանդիպումից հետո Մադուրոն նշել է, որ ձգտում է նոր սկիզբ գտնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում։ Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ուրբաթ օրը ասել է, որ Գրենելի այցը չի նշանակում, որ ԱՄՆ-ը ճանաչում է Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական առաջնորդ։