Վենդի Շերմանը վերահաստատում է Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցությունը. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը տեղեկություն է հրապարակել պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի և Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հեռախոսազրույցի մասին։
Գերատեսչության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության նկատմամբ։
Վենդի Շերմանը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի կոչ անել Ռուսաստանին դուրս բերել իր ուժերը նախապատերազմական դիրքեր և պահպանել 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը։
Պետքարտուղարի տեղակալ Շերմանը և ԱԳ նախարար Զալկալիանին ընդգծել են ինքնիշխան պետությունների իրավունքների պաշտպանության, սեփական անվտանգության մեխանիզմների ընտրության անհրաժեշտությունը, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը ներկայիս ռուսական ագրեսիայի պայմաններում: Կողմերը քննարկել են նաև Եվրոպայում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղիները։