Վախտանգ Ցինցաձեն Բաքվում մասնակցել է Հարավային գազային միջանցքի խորհրդատուների խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը
Տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալ Վախտանգ Ցինցաձեն մասնակցել է Հարավային գազային միջանցքի խորհրդատուների խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը, որը կայացել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Տեղեկատվությունը տարածում է Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։
Նիստը բացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթով։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Եվրահանձնաժողովի անդամը՝ էներգետիկայի և բնակարանային կառավարման հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։
Ինչպես նախարարի տեղակալ Վախտանգ Ցինցաձեն նշել է հանդիպման ընթացքում իր ելույթում, Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանի էներգետիկ կապակցության գործընթացում։ Նրա խոսքով՝ Վրաստանը Հարավային գազային միջանցքի զարգացման նախագծի սկզբից ակտիվ մասնակից է և մշտական քաղաքական աջակցություն է ցուցաբերում նախագծին։
«Որպես Հարավային գազային միջանցքի տարանցիկ երկիր՝ մենք պատրաստ ենք ապահովել հուսալի և անխափան հոսք Կասպյան տարածաշրջանից դեպի եվրոպական շուկաներ։ Հարավային գազային միջանցքը էներգետիկ անվտանգության ամրապնդման, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և տնտեսական համագործակցության խորացման գործում մեր ընդհանուր ջանքերի հիանալի օրինակ է», – նշել է փոխնախարարը։
Վախտանգ Ցինցաձեն նաև ընդգծել է էներգետիկ քաղաքականության այլ առաջնահերթ ուղղություններ՝ ինչպես կանաչ էներգետիկան, էներգախնայողությունը, այնպես էլ նոր տեխնոլոգիաները, ներառյալ՝ կանաչ ջրածնի զարգացումը։ Նրա խոսքով՝ Վրաստանի էներգետիկ ռազմավարությունը լիովին համահունչ է գլոբալ կայունության նպատակներին, մասնավորապես՝ ածխաթթու գազի արտանետումների կրճատմանն՝ էներգետիկ անվտանգության ապահովման ֆոնին։
Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը խթանում է ներդրումների ներգրավումը երկրի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և փոխանցման ենթակառուցվածքների ոլորտում։ Նա նաև նշել է Վրաստանի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերում, այդ թվում՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծում։