Վախտանգ Գոմելաուրին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի ոստիկանապետի հետ
Վախտանգ Գոմելաուրին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի ոստիկանապետի հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։ Վրաստանի ներքին գործերի նախարարին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Մինչ հանդիպումը Վախտանգ Գոմելաուրին պատվիրակության անդամների և Հայաստանի ոստիկանապետի հետ ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող պատին։

Պաշտոնական այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի հետ Հայաստանի Հանրապետությունում են նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն, փոխնախարարներ Իոսեբ Ճելիձեն և Գիորգի Բութխուզին։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնել և զարգացնել Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը։

«Վախտանգ Գոմելաուրին և Վահե Ղազարյանը խոսել են ոլորտային բարեփոխումների, ընթացիկ նախագծերի, ոստիկանության համագործակցության շրջանակներում տեղեկատվության և փորձի փոխանակման կարևորության մասին։ Վրաստանի ներքին գործերի նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանի նորաստեղծ պարեկային ծառայությանը»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին և վրացական պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդում» մեդալով։